21/06/2022 19:50
Նոմոֆոբիա կամ հեռախոսային կախվածություն. Ինչպե՞ս պայքարել
Բջջային հեռախոսը դարձել է ժամանակակից մարդու անփոխարինելի ուղեկիցը։ Այնուամենայնիվ, այն այնքան ամուր է հաստատվել մեր կյանքում, որ դրա անսպասելի բացակայությունը մարդկանց կարող է խուճապի մատնել։
«Նոմոֆոբիա» տերմինը առաջացել է համեմատաբար վերջերս: Ներդրվել է մասնագետների կողմից՝ նկարագրելու անհանգստության և նույնիսկ խուճապի վիճակ այն մարդու մոտ, ով այս կամ այն պատճառով կորցրել է կապը սմարթֆոնի, կամ այն օգտագործող մարդկանց հետ:
Նոմոֆոբների գրեթե կեսը երբեք չեն անջատում իրենց բջջային հեռախոսները։ Նրանք անհանգստանում են, երբ կորցնում են այն, ավարտվում է լիցքավորումը, կամ հաշվի վրայի գումարը, գտնվում են ռադիոծածկույթից դուրս և այլն։
Անշուշտ, երբեմն նկատել եք, թե ինչպես է զրուցակիցը ձեզ ուշադիր լսելու փոխարեն անընդհատ կառչում հեռախոսից՝ կորցնելով խոսակցության շղթան։ Այս երևույթը կախվածության տեսանելի ախտանշաններից է։
Թեև նոմոֆոբիան լուրջ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար, դրա ազդեցությունը առօրյա կյանքի վրա կարող է բավականին ակնառու լինել։ Նոմոֆոբիայի ախտանշաններն են խուճապի նոպաները, գլխապտույտը, թթվածնի պակասը, սրտխառնոցը, քրտնարտադրությունը, սրտի բաբախյունը, ցնցումները և կրծքավանդակի ցավը:
Նոմոֆոբիայի նշանները կտրուկ սրվում են, երբ մարդը հանկարծ հայտնաբերում է, որ չի կարողանում գտնել իր հեռախոսը, դառնում է գրգռված և անհանգիստ՝ որոշ ժամանակով դադարելով վերահսկել իր գործողությունները:
Հեռախոսից կախվածության հիմնական պատճառները՝
- նոր տեղեկատվություն ստանալու մեծ ցանկություն
- կախվածություն սարքի արտաքին տեսքից (ցանկություն`գնելու վերջին մոդելը, զարդարելու հեռախոսն ամենատարբեր աքսեսուարներով)
- լսողական հալյուցինացիաներ (հաճախ մարդիկ սկսում են մտածել, որ լսում են բջջայինի ձայնը):
Կախվածությունից ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ, թե ինչու է այդքան անհրաժեշտ սմարթֆոնը։ Փորձել անջատել հեռախոսը, գոնե, հանգստյան օրերին. Այդ ժամանակ անակնկալ կերպով կնկատեք, որ բաց թողնված զանգերի թիվը ակնհայտորեն ավելի քիչ է, քան դուք սպասում էիք։
Եթե դժվար է անմիջապես հրաժարվելը, ապա փորձեք պատկերացնել ձեզ առանց հեռախոսի։ Հենց որ նման երևակայական խաղերը ձեզ համար այլևս տրավմատիկ չլինեն, սկզբից կարող եք անջատել հեռախոսը մեկ ժամով, ապա ավելացնել ժամանակահատվածը։
Եթե ախտանշանները պահպանվում են, ապա ավելի լավ է դիմել մասնագետի, քանի որ այդ դեպքում հեռախոսից բաժանվելու վախը կարող է ավելի խորացնել իրավիճակն ու ազդել հոգեֆիզիոլոգիական հատկանիշների վրա։
Եվ կարևոր է միշտ հիշել, որ տեխնիկան է ստեղծվել մարդու համար, ո՛չ թե հակառակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։