21/06/2022 11:36
Ապարանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով` աշխատանքից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։
Aysor.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Միջադեպի հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, կան վիրավորներ։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է, մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
«ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ», - այս մասին գրել էր Politik.am-ը։
Մաթևոս Ասատրյանը հերքել էր լուրերն այն մասին, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»,-հայտնել էր ՔՊ-ական պատգամավորը։
Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: