21/06/2022 14:24
Ապարանում տեղի ունեցած դժբախտ պատահարը բերել ու կապել քաղաքական գործընթացների հետ՝ անբարոյականություն է. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում՝ Նիգավանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։
Պատգամավորը դեպքին հաջորդող ու դրան զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունները «աբսուրդի ժանր» է որակում։
«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցածն էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն են աբսուրդ, որ փորձում են հավասարության նշան դնել մեր ու իրենց քաղաքական հայրերի միջև, ինչը չի ստացվելու», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հերքել է լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Ցանկացած դժբախտ պատահար, որ տեղի կունենա այս երկրում, բերել ու կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է», - հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Միջադեպի հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, կան վիրավորներ։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է, մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
«ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ», - այս մասին գրել էր Politik.am-ը։
Մաթևոս Ասատրյանը հերքել էր լուրերն այն մասին, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ», - հայտնել էր ՔՊ-ական պատգամավորը։
Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: