21/06/2022 18:32
Ինչ կարգավիճակում էլ լինենք, շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության․ Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմանը՝ պատգամավորի իր մանդատը վայր դնելու վերաբերյալ։
«Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից:
Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որևէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին և տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ:
Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքների պաշտպանությանը:
Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ:
Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության և հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: