21/06/2022 14:09
Կան մտահոգություններ, կհնչի քաղաքական գնահատական. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մտահոգված է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ։
«Կան մտահոգություններ։ Գիտեք, որ Դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, պետք է խնդրեմ, որ սպասենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կհնչի քաղաքական գնահատական, բայց այն ժամանակ, երբ մանրամասներին տեղեկանան Դատախազության ընդունած վարույթի արդյունքում։
ՔՊ խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք եկել են, որ Հայաստանում վերականգնեն արդարությունն ու արդարադատությունը ու գնում են այդ ճանապարհով։
Պատգամավորը բացառում է «հեռախոսային արդարադատությունը» Հայաստանում։
«Բայց, ցավոք սրտի, երբեմն դեպքեր են տեղի ունենում, որոնք դեռևս կարգավորումների կարիք ունեն», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։