21/06/2022 17:25
ԵԱՏՄ անդամ երկրները պետք է արագացնեն նոր տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը․ Միշուստին
ԵԱՏՄ անդամ երկրները պատժամիջոցների առկայության պայմաններում պետք է արագացնեն նոր տրանսպորտային միջանցքների համար ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Ոչ բարեկամ երկրների վարած պատժամիջոցային քաղաքականությունը ամբողջ աշխարհում հանգեցրել է լոգիստիկ և առևտրային շղթաների խաթարման։ Դա մեր առջև նոր խնդիրներ է դնում»,- Միշուստինի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
ՌԴ վարչապետն ընդգծել է․ «Այժմ կարևոր է արագացնել ենթակառուցվածքների զարգացումը, ինչը Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մաս կդառնա»։
Միշուստինի խոսքով՝ այդ աշխատանքը պետք է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը կապակցված ընթանա։
«Դա անհրաժեշտ է Եվրոպայի ու Ասիայի կապն ամենակարճ ճանապարհով ապահովելու և, իհարկե, Մեծ եվրասիական գործընկերություն ստեղծելու համար, որի գաղափարն առաջարկել է ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է նա։
«Միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժը, ներքին մաքսային սահմանների բացակայությունը, տրանսպորտի ոլորտում ինտեգրացիան և զարգացած ենթակառուցվածքի առկայությունը կարող են տարանցման համաշխարհային մրցակցության մեր հիմնական առավելությունները դառնալ»,- հավելել է նա։