21/06/2022 21:30
Չեխիայում հայտարարել են՝ «պատրաստ են այրել ամեն ինչ»՝ ձմռանը բնակիչներին ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով ապահովելու համար
Չեխիայի իշխանությունները պատրաստ են «այրել ամեն ինչ»՝ գազի մատակարարումները դադարելու դեպքում երկրի բնակիչներին ձմռանը ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով ապահովելու համար, հայտարարել է Չեխիայի կառավարության էներգետիկ անվտանգության հարցերով հանձնակատար Վացլավ Բարտուշկան։
«Եթե այս ձմռանը գազն անջատեն, մենք կայրենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ջերմությամբ ապահովենք մեր բնակիչներին ու էլեկտրաէներգիա արտադրենք»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Euractiv պարբերականը։
Վացլավ Բարտուշկան միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է արագացնել անցումը կանաչ էներգիայի աղբյուրներին, բայց դա, նրա խոսքով, բարդ և ժամանակ պահանջող գործընթաց է։
Նշենք, որ Գերմանիայի տարածքով Չեխիա ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին երկրում ակտիվորեն քննարկվում է ինչպես «կանաչ էներգիային» անցնելու, այնպես էլ ածխով աշխատող էլեկտրակայանների շահագործումը երկարաձգելու հարցը։