21/06/2022 15:31
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի օգոստոսի վերջին` Ղրղզստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը:
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:
Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարավազի և այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը:
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսով ներկայացրել է թվայնացման գործընթացի ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերն ու քայլերը:
Նիստում ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները:
Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի վերջին` Ղրղզստանում:
Նիստից հետո կառավարությունների ղեկավարներն այցելել են Մինսկի «Հաղթանակի» հրապարակ` ծաղկեպսակներ դրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերի հիշատակին: