21/06/2022 13:07
«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։
Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու համար, որի արդյունքում ստացված տվյալները կբացահայտեն երիտասարդների կարծիքը դասական երաժշտության ու համերգների մասին: Մասնավորապես, հնարավոր կլինի պարզել երիտասարդների մշակութային միջոցառումների նախընտրությունները` ըստ ժողովրդագրական տվյալների և բնակության վայրի, համերգներին այցելության պարբերականությունը, նպաստող կամ խանգարող գործոնները, համերգների բովանդակության նախընտրություններն ու ակնկալիքները, համերգների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրները, տեղեկատվական նյութերի արդյունավետությունը և այլն: Կազմակերպիչների կողմից կատարվում է նաև ուսանողների տվյալների հավաքագրում՝ ծրագրում ընդգրկելու նպատակով։
Հաջորդ փուլում՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կկազմակերպվեն հանդիպումներ ուսանողների հետ՝ ներկայացնելու նվագախումբն ու առաջիկա ծրագրերը, ուսանողները նաև կհրավիրվեն համերգների: Նրանց կտրամադրվեն հետաքրքիր տեղեկություններ դասական երաժշտության, համերգների, կատարվող ստեղծագործությունների և կոմպոզիտորների մասին։ Համերգներից հետո կիրականացվեն ֆոկուս-խմբային քննարկումներ:
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը, դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում։ Իրականացված ուսումնասիրության հիման վրա կստեղծվի տեղեկատվական յուրահատուկ բազա, որը հնարավորություն կտա գործունեություն ծավալել ժամանակակից պահանջներին ու երիտասարդության նախընտրություններին համապատասխան` կատարելագործելով համերգների բովանդակությունն ու մշտապես ապահովելով արդյունավետ հաղորդակցություն երիտասարդ ունկնդիրների հետ:
Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի մշակել մեխանիզմներ՝ համերգներին ավելի շատ երիտասարդներ ներգրավելու ուղղությամբ։