22/06/2022 16:47
Կասկածից վեր է, որ ԼՂ հարցի կարգավորման կարևոր և առարկայական լծակները Ռուսաստանի ձեռքում են. Քաղաքագետ
Կասկածից վեր է, որ ԼՂ հարցի կարգավորման կարևոր և առարկայական լծակները Ռուսաստանի Դաշնության ձեռքում են, եթե խոսքը վերաբերում է հատկապես արցախահայության անվտանգությանը և Արցախի ապագային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Մյուս կողմից, մեր զրուցակցի խոսքով, չպետք է մոռանալ, որ Արցախի խնդրին զուգահեռ՝ գոյություն ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջնական հարաբերությունների կարգավորման խնդիրներ։
«Ահա այս հարցերում մեզ համար շատ կարևոր են Արևմուտքի դերակատարումն ու դիրքորոշումը, չնայած հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ ավելի կոնկրետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում նույնպես, Ռուսաստանի լծակներն ավելի մեծ են, քան Արևմուտքի լծակները։
Ամեն դեպքում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կագավորման հարցում մեզ համար ավելի կարևոր պետք է լինի Արևմուտքի դերակատարումը։ Ինչո՞ւ. որովհետև այդ հարցերում միայն ռուսական կողմի միջնորդությանն ապավինելը, չեմ կարծում, թե ողջամիտ է»,- ասաց Արմեն Բաղդասարյանը՝ տեսակետ հայտնելով, թե Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքայի, և Ադրբեջանի հետ, և այդ հարաբերություններում կարող է «վաճառքի հանել» Հայաստանի շահը։
Քաղաքագետի խոսքով՝ հենց սրա համար ճիշտ է հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները։
«Սակայն կոնկրետ Արցախի հարցում հավասարակշռել որևէ կերպ հնարավոր չի լինելու, որովհետև Արցախի անվտանգության ապահովումը ռուսական դաշտում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից Փարիզի և Վաշինգտոնի հրաժարումը որակել է «անպատասխանատու քայլ», նշել նաև, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանանական հարաբերությունների կարգավորմամբ։