22/06/2022 13:58
Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը
«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց տալ, որ որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր՝ մենք շատ ենք կարևորում համաշխարհային մշակութային ժառանգությունը և սիրով աջակցում ենք Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով յոգայի դերի կարևորությունը նաև որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ:
Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումները արժևորում են Հայաստան-Հնդակաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը:
Յոգա նշանակում է միություն՝ մարդ անհատի և տիեզերքի էության միջև, հիմնական գաղափարն է՝ խաղաղություն, ոչ բռնությանը:
«Շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում յոգան գտել է իր տեղը: Հայ հասարակությունը, բավականին խաղաղ է, դուք չեք սիրում բռնություն: Ձեզ հարազատ են յոգայի գաղափարները», - ասել է դեսպան Կիշան Դան Դեվալը:
Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ներկաների և յոգայով հետաքրքրվողների մասնակցությամբ ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը: