22/06/2022 15:35
Երբ է, ի վերջո, առողջության ապահովագրական համակարգը գործելու
Հայաստանում, հաճախ, առողջապական խնդիրների լուծումը` բուժումը, ծանր բեռ է դառնում քաղաքացիների համար։ Երկու պատճառ կա. առաջինը՝ սովորության համաձայն, քաղաքացիներն անտեսում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերման ու կանխարգելման կարևորությունը ու թողնում են, որ «դանակը ոսկորին հասնի»: Արդյունքում անհրաժեշտ բուժումը, կամ միջամտությունն ավելի մեծ ծախսեր է առաջ բերում:
Երկրորդը. որքան էլ վերջին տարիներին պետությունն ընդլայնել է պետպատվերի ծավալը, միևնույն է` կան սոցիալական խմբեր, որոնց համար բուժումը կամ վիրահատական միջամտությունը «թանկ հաճույք է»։ Փաստ է` այսօր մարդիկ լուրջ վիրահատության համար գնում են ամենածայրահեղ քայլերին. երբեմն ստիպված են լինում վաճառել իրենց տունը, վարկ են վերցնում։ Հայաստանում, այս խնդրով պայմանավորված, որոշ բժշկական կենտրոններ հայտարարել են բուժծառայությունների ապառիկ եղանակով մատուցման մասին։ Մարզային բժշկական կենտրոններից մեկը հայտարարել է նոր նախաձեռնության մասին, որի շրջանակներում բուժծառայությունները կիրականացնի ապառիկ եղանակով։
Այդունհանդերձ, պետք է հիշեցնել, որ ծառայությունների հասանելիություն, մատչելիություն ու համաչափություն այսքանով չես ապահովի:
Ի՞նչ են արել պատասխանատու գերատեսչությունները: Խնդիրը փաստել ու բազմիցս դրան անդրադարձել են նաև առողջապահության նախարարությունում: Պատասխանատու գերատեսչությունը նշում է, որ արդեն իսկ ուղենշել է հարցի լուծումը, խոսքը` առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման մասին է:
Հաշվի առնելով զարգացած երկրների փորձը՝ ապահովագրության ներդրման ճանապարհով բուժօգնությունը կդառնա առավել հասանելի, կթեթևանա սոցիալական բեռը, ըստ այդմ, մարդիկ բուժում ստանալու համար ստիպված չեն լինելու վարկ վերցնել, տուն վաճառել, ապառիկ ծառայություններից օգտվել։
Այսօր պետպատվերի շրջանակում բնակչության շատ քիչ հատվածն է, որ կարողանում է օգտվել բժշկական ծառայություններից:
Պատասխանատուները տևական ժամանակ է՝ խոսում են ապահովագրության ներդրումից, բայց, կարծես, «սայլը տեղից չի շարժվում»: Փաստացի, մարդիկ շարունակում են վարկեր վերցնել, գույք վաճառել, մեծ ծախսեր անել բուժօգնություն ստանալու համար:
Համապարփակ ապահովագրության ներդրումն ուշանում է, չնայած առողջապահության նախարարությունից բազմից խոստացել են, որ մեր երկրում համակարգը կներդրվի 2023 թվականից:
Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում մեր քաղաքացիները կկարողանան անվճար օգտվել բժշկական ծառայությունների լայն փաթեթից: Օրինակ` վիրահատական գրեթե բոլոր ծառայություններից, փոխպատվաստման ծառայությունից, օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ՝ քիմիաթերապիայից, սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների բուժումից և այլն։
Որոշ ստոմատոլոգիական ծառայություններ ևս կան փաթեթում, բայց թանկարժեք ծառայությունները, ինչպես օրինակ, իմպլանտի տեղադրումը, ներառված չէ։