22/06/2022 17:33
«Աղետալի սովի և միգրացիոն ճգնաժամի վտանգ կա»․ եվրոպական կառույցները զեկույց են հրապարակել
ԵՄ-ն մտահոգություններ ունի, որ ուկրաինական հակամարտության հետևանքով աշխարհում «աղետալի մասսայական սով» սկսվի, կմեծանան միգրացիոն հոսքերը հատկապես Հյուսիսային Աֆրիկայից, տեղեկացնում է El País պարբերականը՝ հղում անելով եվրոպական ինստիտուտների համատեղ զեկույցին։
Զեկույցում մեծ է համարվում «աղետալի զանգվածային սովի» վտանգը՝ Հյուսիսային Աֆրիկայի պետություններում, ինչը կարող է հանգեցնել «սոցիալական բողոքի նոր, մեծ ալիքի, ներքին տեղաշարժի և միգրացիայի՝ հարևան տարածաշրջաններ և, հնարավոր է, նաև ԵՄ, ինչի դեպքում Իտալիան ու Իսպանիան միգրացիոն ճգնաժամից առաջինը կտուժեն։ Զեկույցում նշվում է «աշխարհաքաղաքական նոր սցենարի» մասին՝ բնորոշվող «բարձր անկայունությամբ և միջազգային հանրության մասնատման ռիսկի աճով»։
Բրյուսելն այս ամենի հիմքում դիտարկում է ուկրաինական հակամարտությունն ու ուկրաինական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները, էներգակիրների գների բարձրացումը։ Կանխատեսումների համաձայն՝ Մաղրիբի երկրների և հարևան մի շարք պետությունների համար սրա հետևանքները ծայրահեղ ծանր կարող են լինել։
«Հացահատիկի և գյուղատնտեսական հիմնական ապրանքների պակասը, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների և պարենի գնաճը և սուբսիդիաների կրճատումը կարող են հանգեցնել լուրջ տնտեսական և սոցիալական ճգնաժամերի»,- նշված է զեկույցում։
Ճգնաժամի ռիսկը, ըստ Բրյուսելի, մեծ է հատկապես Եգիպտոսում, Հորդանանում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկոյում, Թունիսում, սովի վտանգն աճում է բնակչության աղքատ խավի շրջանում։ Զեկույցի համաձայն, ուկրաինական երկարատև հակամարտության հետևանքով կարող է ապակայունանալ վիճակը նաև Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։
«Էներգետիկ ռեսուրսների և պարենի բարձր գները կհանգեցնեն աղքատության ավելացման, սովի, սոցիալական լարվածության՝ տիրող անհավասարության, քաղաքական բևեռացվածության և կառավարությունների նկատմամբ անվստահության համատեքստում»,-նշված է փաստաթղթում։