22/06/2022 19:12
ԱՄՆ-ում կանխատեսել են՝ աշխարհում ռեցեսիայի հավանականությունը 50 տոկոս է
Ամերիկյան Citigroup բանկի տնտեսագետների գնահատականով՝ աշխարհում ռեցեսիայի հավանականությունը մոտ է 50 տոկոսին։ Այդ մասին նշված է նրանց հրապարակած զեկույցում, որը ներկայացրել է Bloomberg-ը։
Փորձագետները նշում են, որ ճգնաժամի պատճառով աշխարհում ահագնանում է գնաճը, իսկ տնտեսական աճը դանդաղում է։ Այս ֆոնին կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները, իսկ ապրանքների նկատմամբ սպառողական պահանջարկը նվազում է։ Ըստ զեկույցի՝ ընթացիկ տարում աշխարհի 60-ից ավելի երկրների կենտրոնական բանկեր արդեն բարձրացրել են տոկոսադրույքները։
«Փորձը ցույց է տալիս, որ դեզինֆլյացիան հաճախ հանգեցնում է զգալի ծախսերի, ուստի ռեցեսիայի հավանականությունը մոտենում է 50 տոկոսին։ Կենտրոնական բանկերը դեռ կարող են ապահովել տնտեսությունների ոչ կտրուկ «վայրէջքը», ինչը կա նրանց ու մեր կանխատեսումներում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ առաջարկի ճգնաժամը թուլանա, իսկ պահանջարկը կայուն մնա»,- նշված է զեկույցում։
Citigroup-ի կանխատեսումներով՝ 2022 թվականին համաշխարհային տնտեսության աճը 3 տոկոս կկազմի, իսկ 2023-ին՝ 2,8 տոկոս։