23/06/2022 13:12
Առեղծվածային դեպք՝ Փարաքարում. պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կա զոհ
Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը և Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը։
Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։