23/06/2022 18:20
Համակարգային կարմիր գայլախտ. ախտանշանները, բուժումը
Համակարգային կարմիր գայլախտը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է. ախտահարվում են օրգանների շարակցական հյուսվածքները։ Հիմնականում դրսևորվում է մաշկի և դեմքի շրջանում ցանավորումներով։ Կարող է ունենալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր ընթացք։
Հիվանդությունն առավել բնորոշ է վերարտադրողական տարիքի կանանց։
Համակարգային գայլախտ ենթադրում է բոլոր օրգան-համակարգերի ախտահարում։ Առաջացման պատճառները բազմազան են, ռիսկի խմբում կանայք և երիտասարդ աղջիկներն են (14-ից 25 տարեկան)։
Գործոնները՝
Ուլտրամանուշակագույն ճառագայթները, իգական սեռը, էստրոգենների գերարտադրությունը, հորմոնալ խնդիրները, որոշ վիրուսներ ևս կարող են պատճառ դառնալ հիվանդության զարգացման, կարևոր գործոն է նաև ժառանգական նախատրամադրվածությունը։
Հիվանդությունն արտահայտվում է՝
Մաշկի ախտահարում (թիթեռնիկի համախտանիշ) բնորոշ է գայլախտ ունեցող գրեթե բոլոր հիվանդներին։ Մազաթափություն՝ թե օջախային, թե տոտալ, եղունգների ախտահարում։ Գրեթե բոլոր հիվանդներն ունենում են հոդամկանային ցավեր, կարող են դիտվել նաև հոդերի բորբոքումներ, հիմնականում ախտահարվում են դաստակի մանր հոդերը, ի տարբերութուն ռևմատոիդ արթրիտի, այս դեպքում էրոզիաներ և դեֆորմացիաներ ավելի քիչ են դիտվում, ավելի անցողիկ բնույթ ունեն։
Հիվանդության դեպքում կարող է ախտահարվել թե պերիֆերիկ նյարդային համակարգը, թե կենտրոնական նյարդային համակարգը։
Սիրտ-անոթային համակարգը նույնպես բավական հաճախ է ախտահարվում, կարող են ախտահարվել սրտի երեք թաղանթները՝ թե պերեկարդը, միոկարդը, էնդոկարդը։
Անոթները նույնպես ախտահարվում են, կարող է զարգանալ զարկերակային հիպերտենզիա, որ կարող է պայմանավորվել ինչպես անոթների ախտահարումով, այնպես էլ երիկամների ախտահարումով։ Դիտվում են երկրորդային վասկուլիտներ՝ տարբեր տրամաչափի անոթների ախտահարում։
Հաճախ մահվան պատճառ դառնում է երիկամների ախտահարումը։
Ախտորոշումը՝
Կարևոր է հիվանդիի զննումը, միայն լաբորատոր-գործիքային քննությամբ հնարավոր չէ ախտորոշել։ Կարևոր ախտորոշիչ մարկեր է համարվում իմունոլոգիական քննությունը։
Հիվանդությունն ընթանում է ալիքաձև՝ սրացումներ, հանգիստ փուլեր, բուժման նպատակը սրացումների քանակը պակասեցնելն է, կյանքի կենսական օրգանների վիճակը բարելավելը, հանգիստ վիճակի բերելը։ Համակարգային կարմիր գայլախտով հիվանդը կարող է հղիանալ, երեխա ունենալ՝ ռևմատոլոգի հսկողությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։