23/06/2022 19:50
Խորհուրդներ՝ տենդային ցնցման դեպքում
Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։
Ոսկե ստանդարտը նորմալ ջերմաստիճանի համարվում է 36.6 աստիճան C-ը, բայց կան մարդիկ, որոնց համար նորմա է 35.5-ը կամ 36.9-ը։ Ջերմության բարձրացում համարվում է 37-ից բարձրը, մինչև 41 աստիճանը կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ է ստեղծում։
37-ից 38-ը համարվում է ենթատենդ, 38-ից բարձրը՝ տենդ, որն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, և միշտ չէ, որ տենդի դեպքում պետք է անմիջապես իջեցնել ջերմությունը։ 37-38-ը նշանակում է, որ օրգանիզմը պատրաստվում է հակահարվածի, չպետք է օրգանզմին խանգարել ջերմիջեցնող տալով։ Պետք է ջերմողին տալ շատ հեղուկ, կարևոր է եղանակին համապատասխան հագուստը։
Տենդային ցնցումները հիմնականում ախտահարում են 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բնորոշ է հատկապես տղաներին։ Մեծահասկաների դեպքում ցնցումները շատ բարձր ջերմաստիճանի դեպքում է լինում. երեխաները խոցելի խմբում են, քանի որ նյարդային համակարգը դեռ ադեկվատ չի արձագանքում։
Եթե նույնիսկ 37.2 դեպքում տենդագին ցնցումներ կան, պետք է անհապաղ իջեցնել ջերմությունը։
Ցնցման պահին պետք է թեթևացնել հագուստը, խոնավ սրբիչը հպել գլխից վերջույթներ, սենյակը օդափոխել, երեխայի մոտից հեռացնել սուր առարկաները, պահել գլուխը։ Որպես կանոն ցնցումը տևում է վայրկյաններից մինչև 5 րոպե, եթե ավել է տևում, պետք է ահազանգել շտապօգնություն։ Որպես կանոն ցնցումից հետո երեխան խոր քնում է, այս դեպքում կարևոր է երեխային կողքի պառկեցնել, և եթե բերանի խոռոչում կա սննդային մնացորդ, ապա անպայման հեռացնել։
Եթե երեխան հակված է տենդային ցնցման՝ այսինքն գերզգայուն է ջերմային ազդակների հանդեպ, կարևոր է, որ միշտ դնի արևապաշտպան գլխարկ, խուսափի արևահարությունից, սուր շնչառական վարակների դեպքում կարևոր է թույլ չտալ ջերմության բարձրացում։
5 տարեկանից հետո տենդային ցնցման հավանականությունը նվազում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։