23/06/2022 11:37
Մայիս ամսվա ընթացքում պատմական նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց ռեկորդների մասին. ասաց, թե մայիս ամսվա ընթացքում պատմական նոր ռեկորդ ունենք ՀՀ-ում գրանցված վճարովի աշխատատեղերի հետ կապված։
Մայիս ամսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ։
2022 թվականի մայիսին, 2021 թվականի մայիսի համեմատ, աշխատատեղերը ավելի են 38 հազար 273-ով կամ՝ 6 տոկոսով, իսկ 2019 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 72 հազար 359-ով կամ՝ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 125 հազար 235 աշխատատեղով։
Հաջորդ կարևոր ռեկորդային ցուցանիշը, ըստ Փաշինյանի, աշխատավարձի ֆոնդն է. այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 միլիոն դրամով։
Հաջորդ կարևոր ցուցանիշը եկամտային հարկի ընդհանուր գումարն է. կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով։