23/06/2022 14:01
Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին (Տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
«ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», - հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։
Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է հրապարակվում։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր, թե Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել։
ԲԴԽ-ն, հիշեցնենք, հունիսի 16-ին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկել էր առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։
ԲԴԽ-ում դատական նիստին Ռուբեն Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ եղել է վատառողջ, իսկ Օրբելյանը խնդրել է նիստը հետաձգել, քանի որ Կապանում դատական նիստեր է ունեցել։