23/06/2022 11:22
2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով կավելացվեն
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու ու այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը։
Նախարարն ասաց, թե պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան սկզբնապես նախատեսված էր։
«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, ինչը 30 տոկոսվ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս», - ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով, դրանց թվում՝ հարկային վարչարարության բարելավումն է, 2021 թվականի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, երրորդը՝ խտանյութերի համար պետական տուրքի գումարն է։
«Այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդով ավելացնելու համար», - նշեց Ֆինանսների նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե, այսօրվա դրությամբ, 2022 թվականի պետբյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով մոտ 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրումներ ունեն։