23/06/2022 12:00
ԱՄՆ-ն 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։
Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:
«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է նախագծում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ կարևոր համաձայնագիր է։
«Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք ու քաղաքական առումով չպետք է մոռանանք խնդրի մասին, որն ունենք. ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով ու դա պետք է լինի նույնականացման քարտը, սա շատ կարևոր է, ու ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա», - կառավարության նիստում նշեց նա։