23/06/2022 19:40
Դոլարի էժանացումը գնաճի դեմ պայքարելու սխալ ճանապարհ է. Տնտեսագետ
Դոլարի գնի շարունակական անկման գլխավոր պատճառը տրանսֆերտների հոսքի ավելացումն է՝ ամսական լրացուցիչ 100 միլիոն դոլարից ավելի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ մարտ-հունիս ամիսների ընթացքում Հայաստան մոտավորապես 400 միլիոն դոլար լրացուցիչ արժույթ է մտել։
Երկրորդ պատճառը մեծ թվով ռուսաստանցիների մուտքն է մեր երկիր։ Նրանք իրենց հետ բավականին շատ կապիտալ են բերել։
Երրորդը Կենտրոնական բանկի քաղաքականությունն է, որը վերջին 20 տարվա ընթացքում ուղղված է դրամը թանկ պահելուն։
Դոլարի էժանացման չորրորդ պատճառը դրամ-ռուբլի հարաբերակցությունն է, որովհետև այժմ որոշ գործարքներ արդեն իսկ կատարվում են ռուբլով»,- ասաց տնտեսագետը։
Հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա դոլարի էժանացումը շարքային սպառողի վրա, Հրանտ Միքայելյանը պատասխանեց՝ չի կիսում ԿԲ ներկայացուցիչների պնդումները, որ այս կերպ իրենք գնաճի դեմ են պայքարում։
«Իմ կարծիքով՝ սա գնաճի դեմ պայքարելու սխալ ճանապարհ է։ Մենք տեսնում ենք, որ եթե դրամն արժեզրկվում է, գնաճն առավել մեծ է լինում, բայց երբ դրամն արժևորվում է, հակառակ երևույթին ականատես չենք լինում։ Երբ դրամը վերադառնա իր կայուն փոխարժեքին (որը տատանվում է դոլարի նկատմամբ 470-500 դրամի սահմաններում), այդ ժամանակ մենք կրկին գնաճի ականատես կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև Հայաստանում և միջազգային շուկայում պարենային գները փոխկապակցված են, և միտումները նույնն են, բայց Հայաստան այդ միտումները հասնում են ուշացումով։
«Հայաստանում գների փոփոխությունն ուշանում է 6-12 ամսով, այսինքն՝ եթե դոլարի փոխարժեքը պայմանականորեն 12 ամիս 400 դրամի սահմաններում պահպանվի, ապա գուցե նույնիսկ գները սկսեն նվազել, բայց դա 6-9 ամսից շուտ չի լինի»,- ասաց Հրանտ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ դոլարի գինն իջել է՝ հասնելով 401 դրամի։