23/06/2022 13:43
«Բանակցում ենք, որ մեր լաստանավերի վրա սանկցիաներ չկիրառվեն». ինչու է ուշանում լաստանավի գործարկումը (Տեսանյութ)
Մայիսի 5-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանն ընտրել է լաստանավային օպերատորին, որը պայմանագրեր կկնքի «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ու «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր՝ ըստ իրենց պլանի՝ «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք է գործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն, որի վրա կա 40 վագոնի ու 50 բեռնատար ավտոմեքենայի տեղ։ Կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ սուբսիդավորել լաստանավային հատվածը։
Կառավարության այսօրվա նիստում լրագրողները հետաքրքրվեցին Քերոբյանից՝ ինչո՞ւ է ուշանում լաստանավի գործարկումը։
Նախարարն էլ ասաց, թե մնացել է ստանալ միայն հոլդանդական ընկերության թույլտվությունները։
«Գիտեք, որ եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, հոլանդական ընկերությունը ևս սանկցիաներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ, հիմա մենք բանակցում ենք, որ մեր լաստանավերի վրա սանկցիաներ չկիրառվեն։ Ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից», - մանրամասնեց Էկոնոմիկայի նախարարը։