24/06/2022 18:10
Մանկական սննդային ալերգիաներ. ախտանշանները, բուժումը, կանխարգելումը
Մանկական սննդային ալերգիաները մեծամասամբ տարիքի հետ հաղթահարվում են։ Ալերգիան առաջին անգամ տեսանելի կարող է դառնալ, երբ օրինակ կրծքով կերակրվող երեխային առաջին անգամ տալիս են արհեստական կաթնախառնուրդ, որ հիմնականում կովի կաթի հիման վրա է պատրաստվում։ Ալերգիան կարող է դրսևորվել ցանային տարրերով, եղնջացանով, այտուցով, դժվարաշնչությամբ, արյունային կղանքով, փսխոցով։
Անկախ նրանից երեխան ալերգիկ է թե ոչ, սննդատեսակները ալերգեն են թե ոչ, թույլատրելի տարիքից սկսած պետք է սննդատեսակները տալ երեխային։
Մանկական սննդային ալերգիան ողջ կյանքի համար չէ, մշտական ախտորոշում չէ. որոշակի տարիքից հետո հիմնականում հաղթահարվում է՝ պայմանավորված սննդատեսակների՝ ալյուր, կաթ, ձու կենցաղում մշտական օգտագործմամբ՝ օրգանիզմը փոքր դեղաչափերի շնորհիվ ի վերջո սովորում է ընկալել այդ մթերքները։
Կան մթերքներ (ընկուզեղեն, ծովամթերք), որոնց հանդեպ ալերգիան ավելի ուշ է զարգանում և հաղթահարելի չէ։
Ցիտրուսը և մեղրը դասկան ալերգեններ չեն, ցիտրուսներն առաջացնում են սննդային անտանելիություն, որ նման է ալերգիային։ Մանդարին կամ նարինջ ուտելիս շուրթերի շուրջը կարող է կարմրել, այսինքն՝ մաշկի վրա գրգռիչ ազդեցություն ունեն, որ նման է ալերգիային։
Հիմնականում սպիտակուցային ալերգեններն են, որ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։
Սննդային ալերգիայի հիմնական ախտանշանն այն է, որ ի հայտ է գալիս տվյալ սննդատեսակը ուտելուց հետո 15 րոպեից մինչև 2 ժամի ընթացքում։ Մաշկը կարմրում, այտուցվում է, առաջանում են դժվարաշնչություն, կոկորդի այտուց, զարկերակային ճնշման անկում։
Ալերգիայի ախտորոշումն արվում է մաշկի կամ արյան թեստերի միջոցով, կիրառվում են նաև պրովոկացիոն թեստեր։
Եթե մանկական սննդային ալերգիան ինքնուրույն չի անցնում, ապա ալերգիան ամբողջովին բուժելու հավանականությունը մեծ չէ, պարզապես հնարավոր է միջամտությամբ հասնել մի փուլի, որը կօգնի երեխային անվտանգ կենցաղ վարել։
Մանկական սննդային ալերգիաների կանխարգելման համար կարևոր է մաշկի բարիերային շերտի բարելավումը, խորհուրդ է տրվում երեխայի մաշկը մշտապես խոնավ պահել, լվացվելիս օգտագործել օճառ չպարունակող միջոցներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։