24/06/2022 19:20
Նևրոզների ախտաբանական դրսևորումներն ու ազդեցությունը հոգեբանության վրա
Նևրոզները ֆունկցիոնալ հիվանդություններ են, որոնք առաջանում են անհատականության մեջ ծանր կոնֆլիկտի, մարդու կյանքի առանձնապես նշանակալի դեպքերի փոփոխության հետևանքով և դրսևորվում են բացառիկ նևրոտիկ ախտանիշներով:
Այս վիճակը տևում է մի քանի օրից՝ մինչև մի քանի տարի։ Մելանխոլիկ և խոլերիկ տիպի խառնվածք ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում նևրոզով, իսկ սանգվինիկ և ֆլեգմատիկ մարդիկ՝ ավելի քիչ:
Բոլոր նևրոզներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ մարդը հաճախ գիտակցում է իր ախտանիշների անիմաստությունը (խուճապ, վախ և այլն), բայց, այնուամենայնիվ, զգում է դրանց հետ կապված անհանգստություն: Հենց հիվանդի կողմից իր ախտանիշների քննադատությունն էլ նևրոզները տարբերում է փսիխոզներից։
Նևրոզները, անբավարար հոգեկան պաշտպանության ֆոնի վրա, բնութագրվում են դինամիկ և բազմազան հոգեախտաբանական նշաններով։ Այն ուղեկցվում է կոնֆլիկտի ձևավորմամբ, որն արտահայտվում է տարբեր ոլորտների (հուզական, վեգետատիվ, էնդոկրին) խանգարումներով։
Հիմնական ախտանշաններն են՝
ինքնատիրապետման անկարողություն և անհանգստություն
գլխացավ, թուլության զգացում (հատկապես քնելուց հետո)
հոգնածության ավելացում, աշխատունակության նվազում
տրամադրության փոփոխականություն, դյուրագրգռություն, դեպրեսիվ ռեակցիաներ
զգացմունքների նկատմամբ վերահսկողության բացակայություն
ախորժակի կորուստ, փորկապություն, սրտխառնոց
վարքի անբավարար վերահսկողություն, կակազություն
մարմնի ցնցում և ջղաձգում
Պետք է հիշել, որ միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և ուղղորդել հիվանդին բուժման ընթացքում. Կարևոր է նաև հոգեբանների և այդ ոլորտում մասնգիտացված անձանց հետ շփումը։
Հիմնականում նկատվում են սրտանոթային համակարգի ֆունկցիաների խանգարում, երբեմն զարկերակի դանդաղում, ցավի զգացում, թուլացում կամ սեղմում սրտի շրջանում։ Կանանց մոտ նևրոզի ախտանիշներն արտահայտվում են դաշտանային ցիկլի շեղումներով, իսկ տղամարդկանց նևրոզների համար բնորոշ են իմպոտենցիայի նշանները։
Նևրոզի ժամանակ գլխում լինում է ծանրության զգացում, անորոշ տեղայնացման գլխացավ, գլխապտույտ։ Սրվում են քնի հետ կապված խնդիրները՝ երկար քնելը, հաճախակի արթնացումները, ինչը նշանակում է, որ այն հաճույք և հանգստի զգացում չի բերում, նույնիսկ եթե դրա տևողությունը բավարար է։
Նյարդաբանական կարգավիճակը ցույց է տալիս ջլային ռեֆլեքսների ավելացում, ձգված վերջույթների դող, ուժեղ քրտնարտադրություն և ինքնավար նյարդային համակարգի գրգռման այլ նշաններ: Հիվանդները դժգոհում են մոռացկոտությունից, վատ հիշողությունից ուշադրության և կենտրոնացման խանգարումներից։
Հակառակ նրա ցանկությանը, հիվանդին սկսում են հետապնդել կպչուն մտքեր՝ դրսևորվելով երկչոտության, ահաբեկման, անհանգստության զգացումով։ Մարդը սկսում է վարել սահմանափակ կյանք և սոցիալական կենսակերպ՝ ֆիզիկական և հոգեբանական անվտանգության անհրաժեշտության պատճառով:
Եթե հիվանդությունը ձեռք է բերում երկար ընթացք, դա կարող է ազդել հիվանդի անձի, նրա հետագա ճակատագրի վրա: Այդիսկ պատճառով, առաջնային փուլում նշաններ նկատելիս, պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ՝ հետագա սրացումներից խուսափելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։