24/06/2022 20:30
Ինչպե՞ս օգտագործել օծանելիքը, որ բույրը երկար պահպանվի
Օծանելիքը շատ ավելին է, քան միայն մեզ ուղեկցող հաճելի բույրը։ Այն արտացոլում է մեր էությունը, բնավորությունը, ճաշակը։ Նույն օծանելիքն օգտագործում են տարբեր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրի դեպքում այն յուրովի է արտահայտվում, ամեն մեկն էլ իր հերթին յուրովի է զգում ու ընկալում անուշահոտությունը։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե ինչ սննդակարգի է հետևում մարդը, վերջացրած նրանով, թե ինչ եղանակ է դրսում։ Բայց ամենակարևորն այն է, թե ինչպես են մարդիկ օգտագործում օծանելիքը։ Այդ դեպքում բուրմունքը, դրա երանգները, խտությունը փոխվում են։
Պարֆյումերները մի քանի ոսկե կանոն են առանձնացնում՝ ինչպես օգտագործել օծանելիքը, որ բուրմունքը երկար պահպանվի կամ յուրահատուկ արտահայտվի։
Իրականում թվում է, թե բոլորը գիտեն՝ ինչպես օգտվել օծանեիքից, այդտեղ բարդ բան չկա։ Մի քանի կաթիլ ցողում են ականջների հետնամասում ու դաստակների վրա։ Ոմանք էլ գլխավերևում են ցողում օծանելիքը՝ քայլ անելով ու հայտնվելով կաթիլների «ամպի» մեջ։ Նրանք, ովքեր ցանկանում են, որ բուրմունքը երկար պահպանվի կամ ընդգծի իրենց սեքսուալությունը, օծանելիքը ցողում են արմնկածալերին, կրծքավանդակի փոսորակին, պորտին, անրակներին, ծոծրակին, պարանոցի հետնամասին, կամ տարածում են այն՝ մազերի աճի երկարությամբ, իսկ աղջիկները, կարճ կիսաշրջազգեստներ կրելիս, ցողում են նաև ծնկների տակ։
Պարֆյումերները, սակայն, պնդում են՝ օծանելիքի հոտը փոխվում է՝ կախված դրա օգտագործման ձևից։ Եթե այն ցողում են դաստակներին ու ականջների հետնամասին, մի արդյունք է լինում, իսկ եթե այն մարմնի վրա կետերով տարածում են՝ մատերի ծայրերով կամ կափարիչի միջոցով, բուրմունքը փոխվում է։
Եթե օծանելիքը ցողում են մարմնի լայն մակերեսի վրա, ավելի քիչ հեղուկ է ներթափանցում մաշկի մեջ ու բուրմունքն ավելի թեթև է լինում, իսկ եթե օծանելիքի կաթիլները մաշկը «տրորելով» են քսում, ավելի խիտ ու հագեցած բույր են ստանում։
Կան նաև այլ խորհուրդներ։ Շատ ընկերություններ իրենց արտադրած օծանելիքի բույրով մարմնի համար նախատեսված քսուքներ ու լոգանքների գելեր են արտադրում։ Օծանելիքից բացի, նույն հոտով ստեղծված կրեմը, իսկ լոգանք ընդունելիս՝ նաև մարմնի գելն օգտագործելու դեպքում բուրմունքը շատ ավելի երկար է պահպանվում։ Այս տարբերակը մի փոքր ավելի գումար է պահանջում, սակայն կա մեկ այլ միջոց, որն օգնում է գումար տնտեսել։
Հոտ չունեցող որևէ քսուքից մի փոքր զանգված լցնել առանձին տարայի մեջ (այնքան, որքան անհրաժեշտ է մեկ անգամ օգտագործելու համար), դրա մեջ մի քանի կաթիլ օծանելիք լցնել, խառնել ու տարածել մարմնի վրա, երբ այն մի փոքր խոնավ է․ օրինակ՝ լոգանք ընդունելուց հետո։ Խոնավ մաշկի վրա բուրմունքն ավելի երկար է պահպանվում։ Իսկ օծանելիքը քսել ոչ թե ականջների հետևում, այլ հենց ականջախեցիների վերևում՝ մատերի օգնությամբ, ոչ թե ցողելով։
Օծանելիքը կարելի է նաև ցողել ձեռքի ափերին, ոչ թե դաստակներին․ այդ դեպքում բույրն ավելի երկար կպահպանվի։ Այս խորհուրդը նրանց համար է, ովքեր ուզում են իրենց մասին «անջնջելի» տպավորություն ու հիշողություններ թողնել․ որևէ մեկի ձեռքը սեղմելիս կամ ուսին թեթևակի հպվելիս ձեր մի մասնիկը երկար ժամանակով կթողնեք նրա հետ, իսկ հետագայում դա կարող է նաև նոր հարաբերությունների սկիզբ դառնալ:
Տաք եղանակին օծանելիքը կարելի է ցողել ոտքի կոճերին, ազդրերին ու սրունքներին՝ ներսի կողմից․ քայլելիս մաշկը շփվում ու տաքանում է, արդյունքում օծանելիքը վերսկսում է բույր արձակել։
Անուշաբույր եթերային յուղեր գործածողների համար նույնպես «գաղտնիք» կա։ Կարելի է յուղի մի քանի կաթիլ կաթեցնել բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն տեղադրել կրծկալի մեջ։
Ինչպես հայտնի է, կաշին ու կտորը լավ են պահպանում հոտն ու բուրմունքը։ Օծանելիքի մի քանի կաթիլ կարելի է ցողել պայուսակի մեջ, ու ամեն անգամ այն բացելուց ու փակելուց սիրած բուրմունքը կհայտնվի ու կանհետանա, իսկ պայուսակն օրվա ընթացքում շատ անգամ է բացվում ու փակվում։ Այս մեթոդի թերությունն այն է, որ երկար ժամանակ է պահանջվում, մինչև պայուսակից օծանելիքի հոտն անհետանա, իսկ այդ ընթացքում մարդը կարող է ցանկանալ փոխել օծանելիքը և այլ բույր տարածել շուրջբոլորը։ Այդ դեպքում պետք է մեկ այլ պայուսակ վերցնել։
Լոգանք ընդունելիս ջրի մեջ 2-3 կաթիլ օծանելիք կամ անուշահոտ յուղ կարելի է ավելացնել։ Նույնը կարելի է անել նաև ցնցուղի տակ կանգնելու դեպքում՝ օծանելիքը ցողելով մարմնի վրա, բայց բույրը չի պահպանվի այնպես, ինչպես լոգանք ընդունելիս է, երբ մարդը որոշ ժամանակ պառկած է մնում ջրի մեջ։
Համարձակ փորձարկումների սիրահարները կարող են նաև իրար խառնել օծանելիքները՝ ստանալով բոլորովին այլ բուրմունք։ Օրինակ՝ ծանր ու խիտ հոտով օծանելիքի հետ կարելի է ծովային թեթև բույրով օծանելիք օգտագործել, դառը հոտով օծանելիքի հետ համադրել մի փոքր քաղցր երանգներ։
Եվ երկու ամենակարևոր խորհուրդները․ եթերային անուշահոտ յուղերը, օծանելիքը պետք է տարածել կամ ցողել միայն մաքուր մարմնի վրա։ Երբեք չպետք է օծանելիքը որպես դեզոդորանտ օգտագործել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։