24/06/2022 15:23
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:
Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ: