24/06/2022 20:43
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է սոցիալական աշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատողների։
Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։
Նախքան պարգևատրման արարողությանն անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է սոցիալական աշխատողներին ՝ մասնագիտական օրվա առթիվ, որում մասնավորապես ասել է․
«Հարգելի՛ ներկաներ
Նախ թույլ տվեք ուշացումով շնորհավորել բոլորիդ՝ սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտն արդեն 91 տարվա անցած ճանապարհ ունի: Եվ մեր Հայրենիքի համար դժվար ու ճակատագրական բոլոր փուլերում կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման ծանր պարտականությունը:
Այդ աշխատանքներն մերօրեական իրականության ընթացքում ավելի ակնառու դարձան հատկապես 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո. արցախահայության սոցիալական և հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:
Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ և թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը:
Այդ ջանադիր գործունեությունն առայսօր շարունակվում և տեսանելի է բոլորիս. հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք, դո՛ւք, սոցիալական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ձեռք բերել և պատվով կիրառում եք ձեր ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա պարգևատրման արարողությունը նաև հնարավորություն է՝ հնչեցնելու հիացմունքի և շնորհակալական խոսքեր այն գործի նկատմամբ, որը, ցավոք, շատ հաճախ, մնում է դեռևս չլուծված հարցերի ստվերում:
Պարգևատրվում են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ, բայց շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր սրտացավությամբ և գիտակացաբար ամեն օրը նվիրում են հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռմանը:
Ուզում եմ վստահեցնել, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և պաշտպանվածության մակարդակը: Այդ գործընթացում դուք աշխատաոճի նոր հայտ եք ներկայացրել՝ կառույցը վերանվանելով սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ինչը հուսով եմ, նշանակում է, որ այսուհետ իրականացվող քաղաքականությունը մեր երկիրը պիտի տանի սոցիալապես զարգացած և ինքնաբավ քաղաքացու երկիր դառնալու ճանապարհով:
Հաջողություններ եմ մաղթում ձեզ բոլոր ձեռնարկումներում և առաջիկա անելիքների ընթացքում»:
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և վերաբերունքի համար և համոզմունք հայտնել, որ փոխգործակցության շրջանակներում ոլորտի թերացումները կշտկվեն և սոցիալական դաշտում անելիքները ավելի տեսանելի կդառնան՝ ի նպաստ Արցախի ժողովրդի։