24/06/2022 22:00
Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ու Արցախին վերաբերող խնդիրներ է քննարկել նաև Վահագն Խաչատուրյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այսօր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ քննարկվել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։