24/06/2022 10:04
Բոլորի համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թրքացման օրակարգը. Տիգրան Աբրահամյան
Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
««Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել։ Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։
Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը», - նշել է նա:
Աբրահամյանն ընդգծել է՝ Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրել են, որ, անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորի համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թրքացման օրակարգը։
«Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։
Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ», - գրել է ընդդիմադիր պատգամավորը: