24/06/2022 19:00
Որևէ սահմանափակում չկա՝ որքան կարող է էժանանալ դոլարը. Տնտեսագետ
Որևէ սահմանափակում չկա՝ մինչև որքան կարող է էժանանալ դոլարը. ամեն բան կախված է այն բանից, թե շուկայում որքան է դրամի և արտարժույթի քանակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով դոլարի գնի աննախադեպ անկմանը։
«Հիմա կարելի է ասել, որ դրամի գինը թանկանում է, որովհետև դրամի համեմատ արտարժույթի քանակն ավելանում է՝ հիմնականում ռուսաստանցիների մեծ ներհոսքի պատճառով։ Այստեղ որոշակիորեն արտացոլվում է նաև ռուբլու ամրապնդման պրոցեսը՝ ի հակադրություն ավելի վաղ արվող կանխատեսումների։
Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները մի մասով արտացոլում են այն իրողությունը, որը տեսնում ենք ռուբլու մասով, արտացոլում են նաև Կենտրոնական բանկի կողմից իրականացվող հակագնաճային քաղաքականությամբ, ինչպես նաև արտարժութային աննախադեպ ներհոսքը»,- ասաց Արմեն Քթոյանը։
Հարցին՝ ի՞նչ կերպով կանդրադառնա դոլարի էժանացումը ՀՀ շարքային քաղաքացու վրա, տնտեսագետը պատասխանեց՝ բացասաբար, եթե տվյալ անձը եկամուտ կամ աշխատավարձ ստանում է դրամով, որը, սակայն, կապակցվում է արտարժույթի հետ։
«Այս պարագայում եկամտից կորուստներ են լինում, բայց եթե եկամուտներն ու աշխատավարձը ստացվում են դրամով, ապա դոլարի էժանացումը որևէ էական դերակատարություն չի ունենում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ դոլարի գինն իջել է՝ հասնելով 401 դրամի։