24/06/2022 09:33
«Ժողովուրդ». 250 հազար դրամ հավելյալ գումար ստացող ՔՊ-ական պատգամավորները Գորիս են մեկնել պետբյուջեի միջոցների հաշվին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ և 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ Գորիս, դարձյալ պետբյուջեի հաշվին, մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը և նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը:
Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։
Եվ հետաքրքիր է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից»։