25/06/2022 18:55
Չինաստանի Շանհայ քաղաքում 3 ամսվա մեջ առաջին անգամ COVID-19-ով վարակվածության դեպք չի գրանցվել
Վերջին եռամսյակում առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում COVID-19-ով վարակվածության ոչ մի դեպք չի գրանցվել։ Մարտից մինչև հունիսի 24-ն ընկած հատվածում առաջին անգամն է, որ 25 միլիոն բնակչությամբ քաղաքում COVID-ով վարակվածության դեպք չի արձանագրվել, տեղեկացնում է Channel NewsAsia-ն։
«2022 թվականիի հունիսի 24-ին COVID-19-ով վարակվածության նոր, չներմուծված դեպքեր չեն հաստատվել, չեն գրանցվել նաև առանց ախտանիշների վարակվածության դեպքեր»,- հայտարարել են Շանհայի քաղաքային իշխանությունները։
Երկուշաբթի օրվանից Շանհայի դպրոցների տարրական և միջին դասարանների աշակերտները կկարողանան վերադառնալ կրթօջախներ, սակայն մինչ այդ բոլոր ուսուցիչներն ու դպրոցների աշխատակիցները, աշակերտներն ու նրանց ծնողները պետք է ՊՇՌ թեստեր հանձնեն, իսկ ուսումնական կենտրոններում արգելվելու են մեծ խմբերով կուտակումները։
Շանհայի բնակիչները մինչև հուլիս շարունակելու են հանգստյան օրերին կորոնավիրուսի թեստեր հանձնել, քաղաքի ռեստորանների մեծ մասում դեռ արգելվում է սննդի մատուցումը։
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի բռնկման պատճառով Շանհայում հայտարարված լոքդաունը, ըստ էության, չեղարկվել էր հունիսի սկզբին, սակայն կառավարության որոշմամբ մասսայական թեստավորում էր անցկացվել՝ կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով, և քաղաքի միլիոնավոր բնակիչներ երկու շաբաթ առաջ նորից ստիպված էին եղել մեկուսանալ։
Իսկ Պեկինում հունիսի 25-ին կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք է հաստատվել։ Այստեղ ևս տարրական դասարանների աշակերտների ուսումնական պրոցեսը վերականգնվել է՝ սովորական ռեժիմով։ Մանկապարտեզները, սակայն, գործելու են հուլիսի 4-ից։ Ավագ դասարանների աշակերտներին դպրոց այցելել թույլատրել էին հունիսի 2-ից։