25/06/2022 18:40
Լուսնոտություն. Պատճառների և հետևանքների մասին խոսում է հոգեբանը
Լուսնոտությունը մի վիճակ է, երբ մարդը քնի մեջ կարող է քայլել և կատարել որոշակի գործողություններ:
Երևույթի տարածվածության ու առաջացման պատճառների մասին Aysor.am-ը խոսել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ.
«Նախկինում լուսնոտությունը կապված էր լուսնի փուլերի հետ, որից էլ գալիս է երևույթի անվանումը: Ենթադրվում էր, որ լուսնոտություն հաճախ տեղի էր ունենում լիալուսնի և նորալուսնի ժամանակ, քանի որ հենց այդ ժամանակ է, որ մարդիկ զգում են ամենամեծ գրգռվածությունն ու հաճախ ընկնում դեպրեսիայի մեջ», - ասաց հոգեբանը:
Լուսնոտները գրեթե միշտ շարժվում են բաց աչքերով, նրանք կարող են կատարել ցանկացած պարզ գործողություն, օրինակ՝ ինչ-որ բան ցույց տալ, հագնվել, համակարգչից օգտվել։ Երևույթը տևում է մեկ րոպեից՝ մինչև մեկ ժամ։
«Խորը քնի անսպասելի խախտմամբ մարդու համար դժվար է կենտրոնանալ և համարժեք ընկալել իրականությունը։ Այս վիճակը կոչվում է քնի թունավորման համախտանիշ։ Այն հաճախ ուղեկցվում է բարդ վարքագծով, թիրախում են հիմնականում երեխաներն ու դեռահասները։
Դեռևս հստակ կապ չի հաստատվել լուսնոտության և նյարդաբանական ու հոգեբուժական այլ հիվանդությունների միջև, չնայած որոշ հիվանդներ նշում են, որ զգում են տրամադրության խանգարումներ և անհանգստություն»:
Կան մի շարք նշաններ, որոնց միջոցով կարելի է տարբերել լուսնոտությունը.
Հիվանդը նստում է անկողնում, բարձրանում, շրջում սենյակով
Քայլվածքը բնութագրվում է դանդաղությամբ և արգելակմամբ
Նա չի տեսնում և չի լսում որևէ մեկին, չի արձագանքում կողմնակի ձայների
Կարող է փորձել շփվել անհեթեթ բառերով, ինչ-որ բան մրմնջալ, խոսել ինքն իր հետ։
Հոգեբան Մերի Հարությունյանը նշեց, որ երևույթի բոլոր դրվագները չափազանց անսովոր տեսք ունեն և կարող են անհանգստացնել հարազատներին: Այնուամենայնիվ, պետք չէ կտրուկ արձագանքել քայլքին, վախեցնել նրան, գոռալ կամ թափահարել, այլ պետք է օգնել, հանգիստ տանել քնելու և ծածկել. եթե նա ինչ-որ բանի մասին խոսում է անհանգիստ, փորձել նրբանկատորեն հանգստացնել նրան։
Լուսնոտության կրկնվող վիճակներ նկատելու դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս՝
հրաժարվել երկհարկանի մահճակալներից՝ հատկապես մանկության տարիներին
խորհուրդ է տրվում իջեցնել վարագույրները և անջատել գիշերային լույսերը
թաց սրբիչ դնել մահճակալի մոտ՝ կանխելու գիշերային շարժը
սուր ու վտանգավոր առարկաները պետք է հեռացնել սենյակից, որպեսզի նա չվնասի իրեն և ուրիշներին։
«Քնած քայլքը կանխելու համար կարևոր է պահպանել առօրյա քունը՝ առնվազն 8 ժամ։ Երբ երևույթը տեղի է ունենում դեպրեսիայի կամ քրոնիկ հոգնածության ֆոնին, կարելի է տաք լոգանք ընդունել, օգտագործել անուշաբույր յուղեր, թեթև մերսում կամ անանուխի թեյ։ Խորհուրդ է տրվում նաև սննդակարգից բացառել կոֆեինն ու ալկոհոլը», - ասաց հոգեբանը։
Նախքան լուսնոտությունը բուժելը, կարևոր է որոշել դրա առաջացման պատճառը և բացառել այլ հիվանդություններ: Այն առավել հաճախ դրսևորվում է որոշակի հիվանդությունների ֆոնին, ինչպիսիք են՝ նևրոզը, Պարկինսոնի հիվանդությունը, քրոնիկ հոգնածության համախտանիշը և անքնությունը:
Հավելենք, որ համաձայն մի շարք ուսումնասիրությունների, տղամարդիկ ավելի հաճախ են տառապում լուսնոտությամբ, քան կանայք:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։