25/06/2022 14:45
Հնարավո՞ր է խուսափել պատերազմից այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է․ Ոսկանյան
Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Պատերազմը և մենք․ այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։
1․ Պատերազմի անխուսափելիությունը
Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։
Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար, պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։
Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին, և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է, նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։