25/06/2022 14:23
Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ «հոգեհանգիստի» մասին, տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ինչ ծաղկեպսակ կուղարկեն․ Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրել է․
«Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։
Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների՞, թե՞ նրանցից ոմանց, որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։
Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։
Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։
Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ «հոգեհանգիստի» մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։