25/06/2022 19:25
Անավարտ նկարներ ու երազանքներ. տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանի նկարների ցուցահանդեսը
Արամը երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո անձնական ցուցահանդես ունենալ․ թեև որդիս չվերադարձավ, բայց երազանքն իրագործվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված նկարիչ Արամ Պողոսյանի մայրը։
Ջրականում զոհված տանկի հրամանատար Արամ Պողոսյանը սովորել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Մայրն ասում է՝ կարող էր այլ ծառայություն ունենալ, իր մասնագիտությամբ օգտակար լինել բանակին, բայց «ես որևէ մեկից առավել չեմ» սկզբունքով զորակոչվեց բանակ:
Կա մի նկար, որն ընտանիքը շատ կուզեր ցուցահանդեսին տեսնել. Արամն այն նկարել է բանակի կազմավորման տոնին նվիրված մրցույթի համար, հաղթող է ճանաչվել, ընտանիքն այդպես էլ չի տեսել այդ նկարը. այն մնացել է զորամասում, զորամասը՝ թշնամուն։
Ամենից շատ նկարներ Արամը քրոջ համար է նկարել, քույրն ասում է՝ մինչև Արամի զոհվելն էլ այդ նկարներն իր սենյակի պատին էին, մասունքի նման է վերաբերվել։ «Ասում էի՝ Արամ, շատ նկարներ ինձ նվիրիր, որ երբ աշխարհահռչակ նկարիչ դառնաս, հպարտությամբ ասեմ, որ առաջին նկարներիդ հասցեատերը ես եմ եղել»։
Ընտանիքը մտադրություն ունի Արամի հեղինակած հարմարավետ, ունիվերսալ ուսապարկերի նախագիծը կյանքի կոչել, ևս մեկ խորհրդանշական գործ էլ ծնողներն անպայման պիտի իրականացնեն:
Արամը նախագծել է իրենց կառուցվելիք տան հյուրասրահը, մայրն ակնկալում է, որ երբ տունը կկառուցվի, հյուրասրահն անպայման Արամի պատկերացմամբ կլինի՝ նույն կահավորանքով, նույն ծաղիկներով:
Տիկին Կարինեն նկատում է՝ որդու կյանքի վերջին տարիների ստեղծած նկարների գույները մռայլ են, թեմատիկան՝ կյանքի ու մահվան, կյանքի ու պայքարի մասին։ «Երբ Արամը ֆիզիկապես մեր կողքին էր, չէինք նկատում նկարների գույների մռայլությունը, կյանքի ու մահվան խորհրդանիշները, հիմա կարծեք թե ամեն բան պարզ է»։
Արամ Պողոսյանը զոհվել է Ջրականում, հոկտեմբերի 5-ին: Հիմա առավել շատ պիտի կառչենք մեր հայրենիքից, ավելի ամուր պիտի կագնենք այն հողին, որը սնուցվել է մեր զավակների արյամբ, ասում է տիկին Կարինեն:
«Մեր տղաները կարող էին նահանջել, բայց մինչև վերջին վայրկյանը պայքարել են։ Հիմա առավել, քան երբևէ անթույլատրելի է Արցախի համար պայքարում նահանջելը, նշաձող իջեցնելը։ Հայրենիքից հրաժարվելն անարգանք է զոհված տղաների հիշատակի, մղած պայքարի հանդեպ»: