27/06/2022 13:00
«Ինձ թույլ չեմ տվել լսել». Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնի Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ։
«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։
Նա ասաց, թե իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը։
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել է նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել է, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։