27/06/2022 20:33
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում փոփոխությունների մասին
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ: Նշված փոփոխությունները պայմանավորված են միջազգայնորեն կիրառվող ստանդարտների պահանջներով, որոնց համաձայն՝ այն տարածքներում, որտեղ օպերատորը չունի շարժական կապի ցանց, շարժական կապի ծառայությունները պետք է մատուցվեն տվյալ տարածքներում գործող լիցենզավորված օպերատորների հետ համագործակցության միջոցով (ռոումինգ):
Ինչպես հայտնի է, մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախում հեռահաղորակցային ծառայություններ է տրամադրել բացառապես «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, և հայաստանյան բոլոր օպերատորների բաժանորդներն Արցախում օգտվել են ռոումինգի ծառայությունից: Պատերազմի հատևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ենթակառուցվածքը բավական տուժել էր, և հումանիտար աղետի պայմաններում, հուսալի բջջային կապի ապահովումն Արցախում դարձել էր օրախնդիր, որը պահանջում էր անհապաղ լուծում: Պատերազմի առաջին օրերին հայաստանյան օպերատորներից Վիվա-ՄՏՍ-ն առաջինը կիրառեց զրոյական ռոումինգ Արցախի տարածքում: Այնուհետև, բազմաթիվ դիմումների հիման վրա և առաջնորդվելով հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու հրամայականով, Վիվա-ՄՏՍ-ն Արցախում ժամանակավրապես ենթակառուցվածք տեղակայեց:
Ներկայումս, երբ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքն արդեն վերականգնված է, իսկ Վիվա-ՄՏՍ-ի ենթակառուցվածքները 2022թ. հուլիսի 1-ից այլևս չեն գործելու Արցախի տարածքում, Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև հայաստանյան մյուս օպերատորների կողմից իրենց բաժանորդներին շարժական կապի ծառայությունների տրամադրումն Արցախում կարող է իրականացվել բացառապես հայաստանյան ընկերությունների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև գործող միջօպերատորական հարաբերությունների շրջանակում՝ համաձայն հեռահաղորդակցության ոլորտում գործող կարգավորումների:
2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգում գտնվելիս գործելու են հետևյալ սակագները.
Ուղղություն |
Սակագին |
ելքային զանգ դեպի Վիվա-ՄՏՍ ցանց |
27 ՀՀ դրամ/րոպե |
ելքային զանգ դեպի ՀՀ այլ ցանցեր |
27 ՀՀ դրամ/րոպե |
ելքային զանգ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում |
27 ՀՀ դրամ/րոպե |
մուտքային զանգ |
13 ՀՀ դրամ/րոպե |
ելքային SMS հաղորդագրություն |
10 ՀՀ դրամ/SMS |
ելքային զանգ դեպի Վիվա-ՄՏՍ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով |
15 ՀՀ դրամ/րոպե |
Ինչպես և նախկինում, դեպի այլ երկրների ցանցեր ելքային զանգի 1 րոպեի սակագինը կկազմի 800 ՀՀ դրամ, ինտերնետի 1 ՄԲ-ի սակագինը՝ 15 ՀՀ դրամ, իսկ դեպի արբանյակային ցանցեր ելքային զանգի 1 րոպեի սակագինը կկազմի 2000 ՀՀ դրամ: