27/06/2022 10:28
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն հոկտեմբերին
Իշխանությունները որոշել են Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացնել արտահերթ՝ այս տարվա հոկտեմբերին, գրում է 24News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Որոշում կա չսպասել 2023 թ․ հոկտեմբերին ու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացնել ուղիղ մեկ տարի շուտ՝ այս տարվա հոկտեմբերին։ Այս մասին որոշումը կհրապարակվի առաջիկայում», - նշել է մեր զրուցակիցը։
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի իր թեկնածուն լինելու է ոչ թե գործող Հրաչյա Սարգսյանը, այլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս արդեն իրեն հավատարիմ կադրերին նշանակել է Երևանի վարչական շրջանների ու քաղաքի այլ ստորաբաժանումների ղեկավարներ։
Ընդդիմության դաշտից տարբեր կուսակցություններ դեռևս չեն հայտարարել Երևանի ավագանու ընտրություններում իրենց հնարավոր մասնակցության կամ թեկնածուների մասին, սակայն, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, այս ուղղությամբ քննարկումներն ակտիվ կերպով ընթանում են։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր դաշտի միավորներն առանձին կմասնակցեն։
Խոսվում է նաև, որ արտահերթին կարող է մասնակցել Երևանի նախկին քաղաքապետ, ՔՊ-ի կողմից պաշտոնազուրկ եղած Հայկ Մարությանը։