27/06/2022 14:02
ԲԴԽ-ում ձևավորվել է հանձնախումբ. խնդրել ենք Ռուբեն Վարդազարյանին, որ մեզ տրամադրի մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը. Դավիթ Խաչատուրյան
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հիմա գնահատական չի տա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը։
«Խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որքանով հիշում եմ՝ հինգ հոգի միացել է այդ հանձնախմբին ու մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ կարողանանք համապատասխան եզրակացության գալ», - Ազգային ժողովում լրագրողներիի հետ զրույցում ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց, թե բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից։
«Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան որոշումների կայացմանը», - նշեց ԲԴԽ անդամը։
Խաչատուրյանն ասաց, թե լուրեր չունի, որ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ։
Նա նշեց, թե Ջհանգիրրյանի առողջական խնդիրների մասին գիտեր դեռ 25 օր առաջ ու վիրահատությունն անհրաժեշտություն էր։
Հիշեցնենք՝ օրերս Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել է նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել է, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։