27/06/2022 12:59
ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանը չհերքեց, որ եղբայրը եղել է կրակոցների վայրում․ «Զերծ եմ մնում այդ հարցին պատասխանելուց»
Նախորդ շաբաթ օրը Ապարանում տեղի ունեցած արյունալի դեպքերին ՔՊ-ական ներգրավված չի եղել, իսկ ազգականներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ թող քննությունը պարզի. ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
«Շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, ինքս ինչով կարողանամ՝ օգնելու եմ։ Ինձ համար ևս շատ ցավալի է այս կորուստը՝ ոչ թե ինձ արդարացնելու համար։
Ես իմ տանը նստած՝ ինձ լկտիաբար քաշում են նմանատիպ հարցերի մեջ, սարքեցին քաղաքական հարց, հետո փորձեցին շեղել այս ամենը», - ասաց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե տարօրինա՞կ չէ, որ դեպքից մեկ շաբաթ անց նույնիսկ պատգամավորի եղբորը, ում անունը ևս շոշափվում է Նիգավանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, չեն կանչել հարցաքննության՝ Ասատրյանը պատասխանեց.
«Ես վստահ եմ, որ անպայման կանչելու են։ Ինչքանով որ ես տեղյակ եմ՝ բազմաթիվ մարդկանց հարցաքննում են։ Ես, որպես շահագրգիռ կողմ, կողմնակից եմ, որ բացահայտվի միջադեպը։ Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է, դրա հետևանքով մինչև այժմ մարդկանց կանչում են հարցաքննության»։
Պատգամավորն ասաց, թե ինչպես գրել էր դեպքի գիշերը, այսօր էլ շարունակում է պնդել, որ ոչ ինքը, ոչ էլ իր հարազատներից որևէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախորդող և թե՛ հաջորդող հարցերի հետ։
Մաթևոս Ասատրյանը չհերքեց, որ իր եղբայրը եղել է այն վայրում, որտեղ կրակոցներ են հնչել։
«Զերծ եմ մնում այդ հարցին պատասխանելուց, ինչքան կարելի է ասել»։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Նիգավանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու քաղաքացի մահացել էր, մի քանիսը՝ վիրավորվել։
Միջադեպից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Մաթևոս Ասատրյանն ավելի ուշ գրառում էր արել՝ նշելով, թե իր հարազատները չեն մասնակցել արյունալի միջադեպին։