27/06/2022 15:14
Կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ:
Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական ստեղծագործ միջավայրի ձևավորմանը, գերատեսչական բուհերի գործունեությանը և այլ թեմաների: Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած աշխատանքները:
Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն-մասնագիտական կրթություն-բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը: