27/06/2022 18:46
Քննարկվել են Առողջապահության նախարարության և ՄԱԶԾ համագործակցության ընթացիկ և ապագա ծրագրերը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը:
Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը:
Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ: