27/06/2022 21:50
Շրի-Լանկան սպառել է վառելիքի գրեթե ամբողջ պաշարը․ եղածը մեկ օրվա համար էլ բավարար չէ
Շրի- Լանկայի վառելիքի պաշարները փաստացի վերջացել են, եղած պաշարը չի բավականացնի անգամ մեկ օրվա համար, հայտնել է Daily Mirror-ը՝ հղում անելով Ցեյլոնի նավթային կորպորացիային (Ceylon Petroleum Corporation, СРС)։
Վերջինիս տվյալներով՝ այժմ երկրի ստորգետնյա պահեստարաններում ընդամենը 1,1 հազար տոննա բենզին ու 7,5 հազար տոննա դիզելային վառելիք է մնացել։
«Անցած շաբաթվա ընթացքում վառելիքով բեռնված ոչ մի նավ չի ուղղվել դեպի Շրի-Լանկա, քանի որ բեռի համար անհրաժեշտ վճարումները չեն կատարվել, վճարման համար միջազգային բանկային երաշխիքներ չեն տրամադրվել, առ այսօր որևէ վճարում չի կատարվել բենզինի և այլ վառելիքի վերջին մատակարարումների դիմաց»,- հայտնել է Ceylon Petroleum Corporation-ը։
Բացի այդ, Շրի-Լանկան հայտնվել է միջազգային ընկերությունների «սև ցուցակում», քանի որ չի կատարել պարտքերի դիմաց իր պարտավորությունները։
Վառելիք չստանալու պատճառով Շրի-Լանկայում արդեն այս շաբաթվանից կարող է դադարել գործել հասարակական տրանսպորտը, կսկսվեն էլեկտրաէներգիայի անջատումներ, գրում է Daily Mirror-ը։
Նշենք, որ 1948 թվականից ի վեր Շրի-Լանկան տնտեսական ամենածանր ճգնաժամն է ապրում, ինչի պատճառը համավարակի շրջանում օտարերկրյա զբոսաշրջիկների թվի կտրուկ անկումն է։ Դա էլ իր հերթին հանգեցրել է արժութային պահուստներում դեֆիցիտի։
Շրի-Լանկայի արտաքին պարտքը այսօրվա դրությամբ 51 միլիարդ դոլար է կազմում։