28/06/2022 19:20
Ճիճվակրություն. պատճառները, ախտանշանները, բուժումը
Ճիճվակրությունը պարազիտար հիվանդություն է, որ հարուցվում է ճիճուների կողմից, կարող է ախտահարել և մարդկանց, և կենդանիներին։
Հարուցիչի հիմնական թափանցման ուղին արտաքին միջավայրն է. ոչ բավարար հիգիենան, միրգը, բանջարեղենը ոչ պատշաճ լվանալը, մսի ոչ բավարար ջերմային մշակումը կարող են պատճառ դառնալ հիվանդության առաջացման։
Ճիճուների հարյուրավոր տեսակներ կան, տարածաշրջանում առավել տարածված են ասկարիդները, սրատուտը։
Սրատուտն առավել հաճախ ախտահարում է երեխաներին, փոխանցվում է մարդուց մարդ, առավել հաճախ վարակների խմբային դրսևորումների պատճառ կարող են լինել ընդհանուր անկողնային պարագաների ընդհանուր օգտագործումը, երեխաների ոչ պատշաճ հիգիենան։
Ասկարիդով վարակման պատճառը հիմնականում հողն է. մակաբույծը թափանցում է ստամոքս-աղիքային համակարգ, ապա անցնում արյան շրջանառություն, կարող է առաջացնել թոքային կլինիկա, չոր հազ, ինչպես նաև մաշկային քոր, ցանավորում, աղեստամոքսային համակարգի ախտահարումներ, որ կարող են արտահայտվել որովայնի ցավով, խցանումներով, փորկապությամբ։
Սրատուտի դեպքում երեխաներին անհանգստացնում է հետանցքի շրջանում քորը, որի հետևանքով կարող է առաջանալ հետանցքի մաշկի վնասում, դիտվի երկրորդային ինֆեկցիայի մուտք, իգական սեռի դեպքում կարող են թափանցել սեռական օրգաններ։
Թքահոսությունը, ատամները կրճտացնելը ևս հելմինթոզի նշաններից է, բայց ոչ սպեցիֆիկ. միայն դրանցով ախտորոշեը ճիշտ չէ։
Բուժում
Ըստ հելմինտի տեսակի հստակեցվում է բուժումը. ընդհանրապես չի կարելի պրոֆիլակտիկ նպատակով ճիճվաթափություն կատարել, դեղամիջոցները կարող են վտանգավոր լինել հատկապես երեխաների համար։ Բուժում պետք է արվի ճիճվի տեսակի հայտնաբերումից հետո, բժշկի ցուցմամբ նպատակային դեղամիջոցով։
Բուժումը պարտադիր է, ճիճվակրությունը կարող է պատճառ դառնալ մարսողական համակարգի խնդիրների, քաշի նվազման, սակավարյունության, աչքի ախտահարման պարագայում՝ տեսողության խնդիրներ, բարդությունները տարբեր են, պայմանավորված ճիճվի տեսակով, ուստի ախտորոշումն ու ժամանակին բուժելը խիստ կարևոր են։
Ախտորոշումը հիմնականում կատարվում է կղանքային հետազոտության միջոցով։ Որպես կանոն կղանքային հետազոտության մեկ անգամը բավարար չէ վերջնական ախտորոշման համար, խորհուրդ է տրվում երկու շաբաթվա ընթացքում գոնե երեք անգամ կրկնել հետազոտությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։