28/06/2022 18:10
Լսողական ցնորքներ. Առաջացման պատճառներն ու ազդեցությունը
Լսողական ցնորքները ընկալման խանգարումների տարատեսակ են:
Aysor.am-ի հետ զրույցում հոգեբան Արմինե Աշխարհոյանը պատմեց ցնորքների տեսակների, մարդու հոգեբանության վրա դրանց թողած ազդեցության մասին.
«Լսողական ցնորքները հիմնականում երկուսն են՝ ակոազմներ և ֆոնեմներ։ Ակոազմներ են կոչվում իմաստ չկրող պարզ ձայնային երևույթները, որոնք չունեն խոսքային բնույթ, օրինակ՝ զանգ, աղմուկ, սուլոց, կրակոց, ծլվլոց, ամբոխի աղմուկ և այլն։ Ֆոնեմների շարքին են դասվում իմաստ կրող խոսքերը և ձայները», - ասաց նա։
Նմանատիպ ձայներ կարող են լսել սթրեսի, խորը դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, որոնց պակասում է շրջապատի ուշադրությունը, և նրանք հաճախ կարող են խոսել երևակայական ձայնի հետ՝ չզգալով երևույթի տարօրինակությունը։
«Ըստ ինտենսիվության, ձայները կարող են լինել ցածր, բարձր, խլացնող, բնական։ Կարող են լսվել վերևից կամ ներքևից, հեռվից կամ մոտիկից։ Ձայների բովանդակությունը հիվանդի համար կարող է լինել անտարբեր, սպառնացող, զգուշացնող, չարագուշակ, ծաղրական, կանխագուշակող։ Մշտապես կարող է լինել մեկ ձայն, այն կարող է միայն արտասանել հիվանդի անունը։ Ձայները կարող են հնչել որպես առանձին բառեր կամ լսվել զրույցների` մենախոսությունների, երկխոսությունների ձևով։ Նրանք կարող են քննարկել հիվանդի անցյալը, ներկան կամ ապագան», - ասաց Արմինե Աշխարհոյանը։
Մասնագետներն առանձնացնում են նաև մեկնաբանող ցնորքներ, որոնք կարծիք են հայտնում հիվանդի յուրաքանչյուր քայլի վերաբերյալ, իմպերատիվ ցնորքները պարտադրում են հիվանդին կատարել այս կամ այն գործողությունը (երբեմն վտանգավոր հիվանդի և նրա շրջապատի համար)։
Հոգեբանը, նման դեպքերում, խորհուրդ տվեց միանգամից դիմել համապատասխան մասնագետի, զրույցների, շփման միջոցով կանխել երևույթը, քանի որ հետաձգման դեպքում այն, վերջիվերջո, կարող է ունենալ ավելի սուր դրսևորումներ՝ մինչևիսկ ինքնասպանություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։