28/06/2022 12:51
Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի. մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներքին համերաշխության կարիք է տեսնում։
«Անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասաց, թե այս պահին պատերազմի վտանգ չկա։
«Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները 44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան», - ասաց Քոչարյանը։
Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս, եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»։