28/06/2022 17:00
Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ. նպատակը մեկն է՝ ժամկետայիններին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանել. ԳՇ պաշտոնյա
Այս զորակոչին զինակոչիկները Հայաստանից Արցախ ծառայության չեն մեկնի։
ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվի պայմանագրային զինծառայողներով:
«Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռան զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը։ Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ», - ասաց նա։
Սահակ Սահակյանի խոսքով՝ Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա, պայմանագրայիններով համալրվում են Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները:
Ըստ նրա՝ ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանելն է։
«Մենք նման փորձ ունենք նաև Հայաստանի հատվածում: Երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահությունում: ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը դա է՝ ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանել: Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան: Հնարավորությունը կախված է պայմանագրայինների թվաքանակից: Ժամկետայինները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության», - մանրամասնեց Սահակ Սահակյանը: