28/06/2022 17:12
Սուրեն Պապիկյանի կողմից նոր կարգ է սահմանվել. զորակոչվողները չեն գնում առաջնագիծ. Սահակ Սահակյան
Պարտադիր զինվորական ծառայության երկու տարին կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն», - ասաց նա:
Սահակյանն ասաց, թե նոր զորակոչվողներն առաջնագիծ չեն գնա։
«Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած՝ նոր կարգ է սահմանվել, բոլոր նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր ու նշանակվում են ծառայության հրաձգային ուսումնական գումարտակներում: Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս, այսինքն՝ մինչև ուսումնական փուլի ավարտը: Նպատակն է, որ զինվորները ոչ լրիվությամբ պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն՝ նրանք մարտական հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո», - նշեց ԳՇ պաշտոնյան։